Գործունեություն
Հայկական Արյունաբանական Ասոցիացիան հիմնադրվել է 2012թ-ին ասոցիացիայի ներկայիս նախագահ արյունաբան-փոխպատվաստաբան Երվանդ Հակոբյանի և համախոհների կողմից՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել Հայաստանում արյունաբանությունը զարգացնելու համար: Ասոցիացիայում կան տարբեր ուղղությունների համար պատասխանատու ներկայացուցիչներ՝ քարտւղարներ: 2018թ-ին ասոցիացիան հիմնադրել է նաև երիտասարդ արյունաբանների և կլիմիկական օրդինատորների թիմ՝ Young AHA: Տարիների ընթացքում ասոցիացիային հաջողվել է ծավալել գործունեություն բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ գիտական, կրթական, տեղեկատվական, սոցիալկան, ժամանցային, կազմակերպչական:
Նպատակներ
Ասոցիացիան հիմնադրման օրվանից ակտիվորեն զբաղվում է գիտական գործունեությամբ՝ կազմակերպելով բազմաթիվ արյունաբանական և միջդիսցիպլինար կոնֆերանսներ, էլեկտրոնային և իրական հարթակներում մասնակցելով տարբեր միջազգային դասընթացների, թարգմանելով և գործածության մեջ դնելով արյան հիվանդությունների վերաբերյալ միջազգային ուղեցույցեր, միջոցառումներ կազմակերպելով արյան հիվանդությունների դեմ պայքարի օրերին: Վերը նշված միջոցառումներից շատերը ունեն նաև սոցիալական դեր: Ավելին, ասոցիացիան կազմակերպել է հանրամատչելի միջոցառումներ, նախաձեռնել միջազգային ֆլեշմոբերին Հայաստանի մասնակցություն, նկարահանել տեսահոլովակներ պացիենտների մասնակցությամբ:
Պացիենտների համար ասոցիացիան նախաձեռնում է հանրամատչելի կայքերի, գրքույկների, դասընթացների ու պացիենտական խմբերի ստեղծում, որոնք օգնում են արյան հիվանդություն ունեցող մարդուն իր հիվանդության մասին գտնել հավաստի տեղեկություն, կիսվել այլ պացիետների փորձով, նպաստում բուժմանն ուղեկցող դժվարությունների թիմային հաղթահարմանը: Ներկայումս ասոցիացիան նախաձեռնում է գիտական բազաների ստեղծում, այդ թվում նաև միելոմային հիվանդության վերաբերյալ, որոնց հիման վրա գրվում են գիտական աշխատանքներ, նախատեսվում կլինիկական հետազոտություններ: Դրանք նեկայացվում են և կներկայացվեն միջազգային հարթակներում:
Նվաճումներ
Վերջին երկու տարում ասոցիացիան կազմակերպում է Եվրոպայի Արյունաբանական Ասոցիացիայի ամենամյա քննությունը Հայաստանում, որով հնարավորություն է ստեղծում պրակտիկ արյունաբաններին փորձարկել գիտելիքները ու ձեռք բերել քննությունը հաղթահարելու ստատուս: Հայաստանում 11 արյունաբան արդեն հաջողությամբ հանձնել են այս միջազգային քննությունը: Հայկական Արյունաբանական Ասոցիացիան անդամակցում է Եվրոպայի Արյունաբանների Ասոցիացիային, ինչպես նաև համագործակցում է մի շարք միջազգային հեղինակավոր միությունների, ասոցիացիաներ հետ ինչպիսիք են Ամերկայի Արյունաբաններ Միությունը, Փոխպատվաստման Եվրոպական Միությունը, Ֆրանկոֆոն Երկրների Փոխպատվաստքաբանների Միությունը, Կորեայի Արյունաբանների Միությունը և այլն: ՀԱԱ սերտորեն համագործակցում է նաև հայաստանյան մի շարք մասնագիտական ասոցիացիաների հետ, հանդիսանում է նաև Հայկական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ:
Հայկական Արյունաբանական Ասոցիացիան իր գործունեությունը ծավալում է ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Կենտրոնը հիմնադրվել է 1947թ. մարտի 17-ին, երբ Նախարարների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը: 1993թ. ինստիտուտը վերանվանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի (ԱԿ): Կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ հատազոտվում և բուժվում են արյան հիվանդություններով տառապող անձիք: Մասնագետների զգալի մասը ունեն կրթական և պրակտիկ լուրջ փորձառություն, հետևողական վերաբերմունք ոլորտի բոլոր նորություններին, և փորձում են Հայաստանում հնարավորինս հավասար, միջազգային չափանիշների բուժական պայմաններ ապահովել արյան հիվանդների համար: Հիվանդների բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի, իմունաթերաիայի, ցողունային բջիջների փոխպատվաստման ժամանակակից ծրագրերով:
Ծառայություններ
Արյոնաբանական կենտրոնում ներկայումս գործում են մեծահասակների և մանկական արյունաբանության և ուռուցքաբանության քիմիաթերապիայի, ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքներ, հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն, ինչպես նաև վերակենդանացման և վրաբուժական բաժանմունքներ: Կենտրոնում կան հարակից մասնագետներ՝ նյարդաբան, էնդոկրինոլոգ, սրտաբան, ատամնաբույժ, որոնց հետ միասին կազմակերպվում են միջդիսցիպլինար քննարկումներ և կազմակերպվում է պացիենտների բուժումը: Արդեն 16 տարի է կենտրոնում պացիենտների հետ աշխատում են հոգեբաններ, իսկ մանկական բաժնում՝ նաև մանկավարժ: Կենտրոնն աշխատում է կոնսիլիումային սկզբունքով, և յուրաքաչյուր հիվանդ քննարկվում է մասնագիտական թիմի կողմից՝ անհրաժեշությանն դեպքում ընդգրկելով նաև հարակից մասնագետների:
Ձեռքբերումներ
Կենտրոնը տարիների ընթացքոմ ձեռք է բերել համագործակցույունների մեծ շրջանակ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների հայտնի կլինիկաների հետ, որոնցից է ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնը, Դ.Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության գիտակլինիկական կենտրոնը, Մյունսթերի համալսարանական հիվանդանոցը, Հարվարդի համալսարանի հեմատոպաթոլոգիայի ամբիոնը, Լունդի համալսարանական հիվանդանոցը, Ժորժ Պոմպիդուի հիվանդանոցի արյունաբանական կլինիկան, Մոֆֆիթթի քաղցկեղի կենտրոնը և այլն: Արյունաբանական կենտրոնը նաև Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի արյունաբանության, ուռուցքաբանության, մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնների, ինչպես նաև ԱՆ ակադ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության ամբիոնի կլինիկական բազան է: