Ինչպե՞ս ախտորոշել միելոման

Միելոման ախտորոշելու համար պահանջվում է կատարել արյան ընդհանուր և բիոքիմիական քննություններ, արյան շիճուկի և մեզի էլեկտրոֆորեզ՝ ախտաբանական հակամամինների հայտնաբերման նպատակով, ոսկրածուծի հետազոտություն, բջջագենետիկ քննություն, ոսկրային համակարգի հետազոտություն, 24 ժամվա հավաքված մեզում Բենս-Ջոնսի սպիտակուցի որոշում, արյան մակարդելիություն և մի շարք այլ հետազոտություններ։

Արյան ընդհանուր քննությամբ հնարավոր է հայտնաբերել սակավարյունություն և բարձր ԷՆԱ: Բիոքիմիական քննությամբ հայտնաբերվում են ընդհանուր սպիտակուցի և կալցիումի քանակի հնարավոր բարձրացումները: Արյան շիճուկի և մեզի էլեկտրոֆորեզը թույլ են տալիս հայտնաբերել ախտաբանական հակամարմինները, որոնք կոչվում են պարապրոտեիններ, և հետագա իմունոֆիքսացիայով որոշել դրանց բնույթը: Ոսկրածուծի հետազոտության նպատակը նրանում ախտաբանական հակամարմինները առաջացնող բջիջների հայտնաբերումն է: Ոսկրային համակարգի հետազոտությամբ հնարավեր է լինում հայտնաբերել հիվանդությանը բնորոշ ոսկրային ախտահարման նշաններ և որոշ բարդություններ՝ կոտրվածքներ, նյարդի ճզմում և այլն: Բենս Ջոնսի սպիտակուցը ախտաբանական իմունոգլոբուլին է, որը նորմայում մեզի մեջ չի լինում, այլ առաջանում է միելոմայի կամ նմանատիպ արյան հիվանդությունների ժամանակ: Հիվանդության ելքի և ռիսկերի մասին տեղեկություն տալիս է բջջագենետիկ հետազոտությունը: