Ի՞նչ է Միելոմային հիվանդությունը

Միելոման արյան հիվանդություն է, որի ժամանակ բնորոշ է ողնաշարի, գանգի, կոնքի, կողերի ոսկրերի, ներքին օրգանների ախտահարում։ Հանդիպեով հազվադեպ՝ կազմում է բոլոր ուռուցքների 2%-ը, արյան քաղցկեղների 15%-ը։ Հիմնականում հիվանդանում են 65 տարեկանից տարեց անձինք, սակայն կարող է հանդիպել նաև ավելի երիտասարդ տարիքում։ Առաջացման պատճառները ամբողջովին բացահայտված չեն, սակայն ռիսկի գործոնները ներառում են ճարպակալումը, ճառագայթումը, ընտանեկան պատմությունը, որոշ քիմիկատներ։ Ունի դրսևորման ավելի թեթև տարբերակներ, որոնք դեռևս բուժում չեն պահանջում, սակայն, նրանց հանդեպ հսկողություն սահմանելով, կարելի է ժամանակին սկսել համապատասխան բուժում։

Միելոմային հիվանդության առանձնահատկություններից մեկն այն է, որ ուռուցքը մեկ տեղում չի զարգանում, այլ մարմնի տարբեր մասեր է ախտահարում, ինչի պատճառով անվանվում է նաև Բազմակի միելոմա։ Միելոման առաջանում է, երբ պլազմատիկ բջիջների առաջացման ընթացքում ԴՆԹ-ն վնասվում է։ Պլազմատիկ բջիջները լիմֆոցիտների տեսակներ են, որոնք, իմուն համակարգի մաս կազմելով, արտադրում են հակամարմիններ։ Վնասված ԴՆԹ-ով պլազմատիկ բջիջները առաջացնում են մեծաքանակ, բայց մեկ տեսակի հակամարմիններ, որոնք օրգանիզմում որևէ ֆունկցիա չեն կատարում։ Կուտակվելով տարբեր օրգաններում՝ երիկամներում, ոսկրերում, փափուկ հյուսվածքներում և այլուր, այդ հակամարմինները առաջացնում են օրգանների ֆունկցիայի խանգարում։ Այսպիսի հիվանդները հիմնականում գանգատվում են ոսկրային ցավերից, կրկնվող ինֆեկցիաներից, ընդհանուր թուլությունից և երիկամային խնդիրներից։ Նման դեպքերում հաճախակի են նաև ոսկրային կոտրվածքները, ողնուղեղային նյարդերի վնասումը, ուռուցքանման գոյացությունների առկայությունը, որոնք նույնպես կարող են ցավերի պատճառ լինել։ Հիվանդները կարող են ունենալ նաև սակավարյունություն, ինչի պատճառով կարող է առաջանալ ընդհանուր թուլություն, երկար քայլելիս կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ շնչարգելություն, սրտխփոց, ճնշման իջեցում։

Չնայած որ միելոման դեռևս համարվում է անբուժելի հիվանդություն՝ դեղորայքային, ճառագայթային և այլ բուժման եղանակները հիվանդությունը հսկելու, գանգատներն ու բարդությունները կարգավորելու, հիվանդի կյանքը երկարացնելու և կյանքի որակը բարձրացնելու առումով կարող են բավականին արդյունավետ լինել ։